«Ոսկե ծիրան» 9-րդ միջազգային կինոփառատոնի վավերագրական ֆիլմերի մրցութային ծրագրում ներկայացված է 12 ֆիլմ: Փառատոնի այս անվանակարգին մասնակցելու համար ներկայացվել է մոտ 600 հայտ:
«Կատարվել է բավականին հետաքրքիր ընտրություն: Թե՜ մասնագետները, թե՜ կինոսիրողները ուղղակի հաճույք կստանան»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փառատոնի փոխտնօրեն ԱՐԱ ԽԱՆՋՅԱՆԸ:
Անդրադառնալով այն դիտարկմանը, որ հանդիսատեսի շրջանում առավել հետաքրքրության են արժանանում խաղարկային ֆիլմերը, նա նշեց, որ գոնե երիտասարդ ռեժիսորները պետք է նայեն այս ֆիլմերը, որ իմանան` ինչ է կատարվում կինոաշխարհում, ինչ ֆիլմեր են նկարահանում աշխարհի լավագույն վավերագրողները:
Պատասխանելով «Ո՞ր ֆիլմերն եք հավանում ինքներդ» հարցին, Արա Խանջյանը նշեց, որ այս տարիներին մեկ անգամ է իր կարծիքը համընկել ժյուրիի ընտրության հետ, այնուամենայնիվ, առանձնացրեց Գորան Ռադովանովիչի «Ֆիդելի հետ, ինչ էլ որ լինի», Մարկ Վեյմուլլերի «Հեռավոր կյանք» ֆիլմերը:
Նշենք, որ վավերագրական ֆիլմերի մրցութային ծրագրին մասնակցում է նաև Արման Երիցյանի «Donkeymentory» ֆիլմը, որը նկարհանավել է Աֆրիկայում: Ֆիլմի վերնագիրը բառախաղ է և չի թարգմանվում:
Արա Խանջյանի տեղեկացմամբ` մրցույթի ժյուրիի կազմը կղեկավարի ռուս անվանի վավերագրող Մարինա Ռազբեշկինան: Ժյուրիի կազմում կլինեն իսպանացի ռեժիսոր, պրոդյուսեր Անտոնիո Դելգադոն, վրաց ռեժիսոր, սցենարիս Նանա Ջանելիձեն, բուլղար ռեժիսոր Ցվետանա Պասկալևան և ռեժիսոր, պրոդուսեր Նունե Սարգսյանը:
Ֆիլմերը կցուցադրվեն տիկնիկային թատրոնի փոքր դահլիճում, առավոտյան ժյուրիի համար, երկոյան` հանդիսատեսի:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ